Տավուշի մարզում այսօր` սեպտեմբերի 30-ին Հայաստանի կառավարության արտագնա նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Իջեւանում հիմնանորոգված երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2009-ի նոյեմբերից. բացի հիմնանորոգումից, երկհարկանի շենքին ավելացվել է եւս մեկ հարկ։ Ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային Բանկի կողմից` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով։ Վերջինս դպրոցին աջակցել է նաեւ գույքի ձեռք բերման հարցում։

Երաժշտական դպրոցը նախատեսված է 320 աշակերտի համար, սակայն, ներկայումս դպրոցում սովորում է 325 աշակերտ, որից 25-ը մանկատան երեխաներ են։ Դպրոցը սպասարկում է ոչ միայն Իջեւանի, այլեւ հարակից շրջանների երեխաներին։ Երաժշտական գործիքների համալրման գործում ներդրում է ունեցել նաեւ ՀՀ վարչապետը. նա նվիրաբերել է գերմանական ռոյալ։ Տ. Սարգսյանն այցելել է նաեւ Իջեւանի Տուրիզմի կենտրոն, որտեղ անցկացվում է վերջին տարիներին հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք։ Տիգրան Սարգսյանը շրջել է շենքում, ծանոթացել ցուցադրությանը։

Մինչ Երեւան վերադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջան քաղաքում Երկրագիտական թանգարան-պատկերասրահի բացմանը։

Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թականին, ֆինանսավորման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 208 մլն դրամ։ Այսօր արդեն ճարտարապետական նոր լուծումներով նորակառույցը բաց է արվեստասերների համար։ Կառավարության ղեկավարը շրջել է շենքում, ծանոթացել ներկայացված կերպարվեստի հետաքրքիր աշխատանքների հավաքածուներին։