Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Նա մասնակցել է գործարանի հիմնարկեքի արարողությանը: Նշվել է, որ գործարանի առաջին հերթափոխի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011-ին:
ՀՀ նախագահին շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ Արագածոտնի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա «Գոլդեն Գրեյփ Արմաս» ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել: Ընկերության ղեկավարության հավաստմամբ, ստացված արտադրանքն առաքվելու է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: Աշխարհում օրգանապես մաքուր մթերքների նկատմամբ աճող պահանջարկից ելնելով` նախատեսվում է արտադրել քիմիազերծ, անարատ մթերք եւ խմիչք:
Արարատի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է հիմնանորոգված եւ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած «Արարատի բժշկական կենտրոն»: Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում «Արարատի բժշկական կենտրոնը», հիմնանորոգման արդյունքում, այսօր ունի ժամանակակից կահավորմամբ վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներ, բազմաբնույթ ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:
Նախագահ Սարգսյանն Արարատի մարզում այցելել է նաեւ Ավշարի գինու գործարան, որն ավելացրել է իր արտադրական հզորությունները, կառուցել նոր արտադրամասեր եւ ներդրել նոր տեխնոլոգիաներ: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրության պայմաններին, ինչպես նաեւ ներկա է գտնվել խաղողի մթերման գործընթացին, զրուցել գյուղացիների հետ:



























