Հայաստանի Կառավարության մայիսի 19-ի նիստի ժամանակ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կներկայացնի պետական ծախսերի կրճատման ծրագրի իրականացման ընթացքը: Այս մասին մայիսի 18-ին լրագրողներին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսքով, վերջնական որոշումներ՝ ինչը կրճատել ու որտեղ, Կառավարությունը դեռ չի կայացրել, բայց բացի ամենայնից, ուշադրություն կդարձնեն նաեւ ծառայողական մեքենաների վրա: Այն հարցին, թե ինչու դրանցից առհասարակ չեն հրաժարվում՝ Սաֆարյանը պատասխանել է «Դե, առհասարակ հրաժարվելը ամենահեշտն է: Կոնկերտ այս հարցում մենք կրճատումները երեք փուլի կբաժանենք: Առաջին փուլում կուսումնասիրենք այն մեքենաների անհրաժեշտությունը, որոնք ամբողջովին ֆինանսավորվոմ են պետբյուջեից»: Իսկ այն դիտարկմանը, որ ավելի լավ է կրճատել ներկայացուցչական ծախսերը, իսկ անձնակազմն անփոփոխ թողնել, փոխնախարարը պատասխանել է «Իհարկե, ես հասկանում եմ, որ հասարակությունը դա է ցանկանում»:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օպտիմալացման հնարավորությունները ուսումնասիրելու հանձնարարություն էր տվել Կառավարության մայիսի 12-ի նիստի ժամանակ: