Ադրբեջանում Հեյդար Ալիեւի արձանը «պղծելու» համար կալանավորված ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը քննչական մեկուսարանում փաստաբան Էլչին Սադիքովին տված գրավոր ցուցմունքում հայտնել են ոստիկանությունում կտտանքների ենթարկվելու մասին։
«Երիտասարդների, հատկապես Մամեդովի մարմինների վրա բռնության հետքեր կան։ Դրանք երեւում են նրանց գլուխների, ոտքերի եւ դաստակների վրա»,- ասել է Սադիքովը։

Մամեդովն իր ցուցմունքում գրել է. «Մայիսի 10-ին քաղաքացիական հագուստով 3 անձ ինձ նստեցրին սպիտակ ջիպ եւ տարան 12-րդ ոստիկանական բաժանմունք։ Ինձ տարան պետի սենյակ, այնտեղ 7-8 մարդ կար, որոնք ինձ ծեծում էին ոտքերով եւ ձեռքերով։ Ինձ հարցրին, թե ինչու եմ ես ներկել արձանը եւ ում հետ եմ կապված։ Հարվածներից ես կորցրեցի գիտակցությունս եւ չեմ հիշում, թե ինչպես ինձ տարան Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն։ Այնտեղ ինձ նորից սկսեցին ծեծել՝ պահանջելով խոստովանել, որ թմրանյութ եմ պահում»։

Փաստաբանի խոսքով՝ ավելի դաժան խոշտանգումների, մասնավորապես, բռնաբարելու  սպառնալիքի տակ նրանից խոստովանական ցուցմունք են պոկել։

Հետո նրան առաջարկել են ծաղիկներ տանել հուշարձանի մոտ եւ ներողություն խնդրել՝ խոստանալով դրանից հետո ազատ արձակել։ Սակայն մերժում ստանալով՝ նորից սկսել են ծեծել։

Համանման գործողություններ են կիրառվել նաեւ Իբրահիմովի նկատմամբ։ Սադիքովը նշել է, որ Նարիմանի ոստիկանությունում երիտասարդներին ստիպել են զուգարան մաքրել եւ ավլել բակը։

Մայիսի 12-ին՝ դատարանից վերադառնալուց հետո, Մամեդովին նորից խոշտանգել են՝ պահանջելով ցուցմունք տալ այն անձանց դեմ, որոնք իբր թե կապ ունեն Ալիեւի արձանի գրաֆիտիի հետ։ Մերժում ստանալով՝ նրանց տարել են նկուղ։ «Ձեռքերիս ձեռնաշղթաներ հագցրին եւ սկսեցին մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծել։ Երբ ես սկսեցի գոռալ, բերանս փակեցին կպչուն ժապավենով»,- գրել է նա։

Հարցին, թե փաստաբանը կդիմի՞ դատարանին կամ դատախազին խոշտանգումների գործով, Սադիքովն ասել է. «Երիտասարդները մայիսի 12-ին շրջանային դատարանում հայտնել են կտտանքների մասին։ Դատավորը վճռեց հետաքննել խոշտանգումների մասին բողոքը։ Պաշտպանող կողմն արդեն բողոքարկել է կալանքը։ Երեքշաբթի կամ չորեքշաբթի բողոքը կքննվի»։