Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ լրագրողներից ու քաղաքացիներից արդեն ստացել է տնտեսական դաշտում առկա մենաշնորհների վերաբերյալ տեղեկություններ, որոնք առաջիկայում կամփոփի:
Հարցին, թե նախարարը մենաշնորհները պարզելու ավելի պակաս լծակներ ունի, քան քաղաքացիներն ու լրագրողները, որոնց օգնությանն է դիմում, պատասխանեց. «Ես որպես պատգամավոր Արծվիկ Մինասյան եւ որպես նախարար Արծվիկ Մինասյան` չեմ փոխվել, փոխվել է պատասխանատվության չափը: Եթե որպես պատգամավոր կարող ես սիրողական մակարդակով կամ քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ հայտարարություններ անել, ապա որպես նախարար պարտավոր ես այդ փաստերը հավուր պատշաճի օգտագործել եւ ունենաս լիարժեք հիմքեր եւ կատարես առաջարկներ ու կայացնես որոշումներ»:
Դիտարկմանը, թե այս պահին որպես նախարար ինչ է պարզել մենաշնորհների վերաբերյալ, արձագանքեց. «Շարունակվում է տեղեկատվության հավաքագրման աշխատանքները, խորհրդակցությունները անցկացվում են, կլինեն արդյունքներ եւ կտեսնեք` ինչ տեղեկություններ կան: Դուք որպես լրագրող առաջին հերթին պիտի ձեզ լավ զգայիք, որ պաշտոնատար անձը ձեզ հրավիրում է համագործակցության, ես դիմել եմ` ելնելով նաեւ այն խոստումից, որ ժամանակին կատարել եմ, որ պատրաստ եմ լինելու հրապարակային, բաց աշխատանքի»:
Դիտարկմանը, թե քաղաքացիները լրագրողները շատ են բարձրաձայնել Սամվել Ալեասանյանի, Միհրան Պողոսյանի մենաշնորհած բիզնեսների մասին, այդ ահազանգերկն ընթացք տալու են, ասաց. «Բոլոր ապրանքային շուկաների վերաբերյալ, որոնք հայտնի են բոլորիդ, անունները լինելու են»:




























