Ներկայումս «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ: Խմբի ստեղծումը վկայում է այն մասին, որ վերոնշյալ օրենքում կան շատ խոչընդոտներ։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր` սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամենամեծ խոչընդոտը մինչ այսօր հեռուստաալիքների քանակի կրճատումն է՝ առանց որեւէ համոզիչ ապացույցի։
«Հեռուստաալիքների կրճատման համար երբեւէ հաճախությունների անկախ աուդիտ չի անցկացվել, որը կհիմնավորեր, որ պետք է լինի ոչ թե 20 այլ 18 հեռուստաընկերություն»,-ասաց Բ. Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ընթացող գործընթացները, այդ թվում՝ կազմակերպվող մրցույթները չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, չկա քաղաքական բազմազանություն եւ այլն։
«Ինձ եւ, կարծում եմ, շատերի համար սկզբունքային է, որպեսզի օրենքի բարեփոխման ընթացքը համընկնի ընթացիկ զարգացումների հետ, եւ այն մթնոլորտը, որը ձեւավորվելու է օրենքի բարելավման եւ մշակման ընթացքում, ազդի նաեւ մրցույթների եւ այլ գործընթացների վրա՝ բազմազանությունը եւ թափանցիկությունը ապահովվելու համար»,-ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահը։
Նա նշեց նաեւ, որ ներկայումս օրենքը չի պարտադրում, որպեսզի այդ մրցույթներում ներգրավվեն անկախ փորձագետներ, սակայն նրանց եզրակացությունները մրցույթներին ներկայացված հայտերի վերաբերյալ շատ կարեւոր են։
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս բազմաթիվ տարիների ընթացքում բավականին լուրջ անվստահություն կա բոլոր մրցույթների եւ բոլոր կայացվող որոշումների նկատմամաբ, իսկ անկախ փորձագետների կարծիքի հրապարակայնություն եւ մասնակցությունը այս գործընթացքում շատ կարեւոր է»,-ասաց Բ. Նավասարդյանը։




























