Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 30-ին մասնակցել է Չինաստանի ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն ասել է. «Հայաստանի կառավարության անունից ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար` ի դեմս Ձեզ շնորհավորել չին ողջ ժողովրդին ազգային տոնի` ՉԺՀ ստեղծման օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը ցանկանում եմ Չինաստանի ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
Մեր երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնմանն էր ուղղված մասնավորապես ՀՀ նախագահի պետական այցը Չինաստան, որը կայացել է այս տարվա գարնանը: Այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Հու Ձինտաոուին, մասնակացել է «Շանհայ Էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսությանը եւ մասնավորապես այցելել Շանսիի նահանգ, որտեղ ներկա է գտնվել հայ-չինական Շանսի-Նաիրիտ գործարանի բացման արարողությանը: Այդ ձեռնարկությունը համատեղ նախագծերի իրականացման առաջամարտիկն է: Եվ այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման համար:
Համագործակցության նոր հորիզոններ գտնելու համար առիթ հանդիսացավ նաեւ վերջերս կատարած իմ այցը, որի ընթացքում եղա Պեկինում, Շանհայում եւ Սիչուան նահանգում:
Այդ կապակցությամբ օգտվելով առիթից` ցանականում եմ երախտագիտությունս հայտնել Չինաստանի իշխանություններին սրտաբացության, ջերմության եւ բացառիկ հյուրասիրության համար, որը ցուցաբերվել է մեզ այցի ընթացքում:
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատրաստակամություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բազմաբովանդակ զարգացման համար: Առաջնային են համարվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ բարձր տեխնոլոգիաները: Մենք հավաստել ենք մեր շահագրգռվածությունը ինտենսիվ մշակութային փոխանակման համար:
Այդ ընթացքում դարձանք այն հիրավի հսկայական փոփոխությունների վկան, որոնք տեղի են ունենում Չինաստանում: Հաշված տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը` արձանագրելով տպավորիչ նվաճումներ նաեւ սոցիալական զարգացման ոլորտում: Մենք հսկայական իրականացումների վկան ենք, որոնք, կարծում եմ, ունեն պատմական նշանակություն ոչ միայն Չինաստանի ժողովրդի համար, այլեւ մեծ ազդեցություն` աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա:
Այդ նվաճումների խորհրդանիշն ու միեւնույն ժամանակ մարմնավորումը դարձավ “Շանհայ Էքսպո 2010” համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլեւ վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»:



























