Կոնսենսուս կարող է լինել ոչ թե ամբողջ Ընտրական օրենսգրքի, այլ միայն  վերահսկողական մեխանիզմների շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Կոնսենսուսն այսպես պետք է լինի` եթե 5 կետ է, մեկը չի ընդունվում, ուրեմն կոնսենսուս չկա: Այսինքն` պիտի բոլոր առաջարկությունները ընդունվեն, որ լինի կոնսենսուս: Խոսքը մասնավորապես վերահսկողական մեխանիզմների խնդիրներին է վերաբերում: Հուսանք, որ այս համաձայնությունը ձեռք կբերվի, որովհետեւ դրա մասին հայտարարում են ե՛ւ միջազգային կառույցները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Եթե կոնսենսուսը լինի, կլինի նաեւ տեխնիկական աջակցությունը»,-ասաց Ջհանգիրյանը:

Նա շեշտեց, որ կոնսենսուսը կարող է լինել ոչ ամբողջական օրենսգրքի շուրջ, այլ միայն  վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ կետերի շուրջ: «Տեխնիկական աջակցության խնդիրը ածանցյալ է կոնսենսուսին, եթե դա  չլինի, Եվրոպական կառույցները որեւէ տեխնիկական լուրջ աջակցություն չեն ցուցաբերի: Կցուցաբերեն, եթե ընդդիմության, իշխանության ու քաղհասարակության  միջեւ այդ կոնսենսուսը  ձեռք բերվի: Կարծում եմ` սկզբունքորեն երեք կողմերն էլ պետք է շահագրգիռ լինեն: Միայն վերահսկողական մեխանիզմների առնչությամբ եթե լինի կոնսենսուս, դա չի նշանակում, որ ամբողջ Ընտրական օրենսգրքի կամ առաջարկված համամասնական ընտրական կարգին կողմ ենք լինելու»,- իր խոսքն ամփոփեց Ջհանգիրյանը: