Հայաստանը հանդիսանում է Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, կապի ապահովման եւ տվյալների փոխանցման հիմնական երկիր: Այս մասին, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակներում անցկացվող «Փոխկապակցում ի նպաստ առեւտրի ու ներդրումների» բիզնես համաժողովի ժամանակ նշել է Ucom ընկերության զարգացման տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին անգամ ԵԱՀԿ համատեքստում կազմակերպվել էր համաժողով, որին մասնակցում էին ԵԱՀԿ 57 անդամ-պետությունների, ինչպես նաեւ 11 ԵԱՀԿ գործընկեր երկրների քաղաքական, տնտեսական եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:
Համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ ԵԱՀԿ տարածաշրջանում եւ, այդպիսով, ամրապնդել տնտեսական կապերը Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ:
Ucom ընկերության ներկայացուցիչները ոչ միայն մասնակցել են այդ վարկանիշային եւ բարձրակարգ համաժողովին, այլեւ միեւնույն հարթակում, ներկայացնելով Հայաստանը, հանդես են եկել ելույթով եւ քննարկել գլոբալ կարեւորության խնդիրներ այնպիսի անվանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Alcatel-Lucent-ը, Օքսֆորդի համալսարանը, Deutsche Telekom-ը եւ այլ հայտնի հաստատություններ:
Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը իր ելույթի խոսքում ընգծել է. «Տվյալների ազատ փոխանցումը կարեւոր եւ արդիական խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար: Մեր երկիրը բավականին մեծ փորձ ունի որպես հաղորդակցության եւ տվյալների փոխանցման տարանցիկ գոտի: Այժմ էլ Հայաստանը հանդիսանում է Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, կապի ապահովման եւ տվյալների փոխանցման հիմնական երկիր: Միեւնույն ժամանակ մենք պարբերաբար նոր ուղիներ եւ լուծումներ ենք փնտրում թվային հաղորդակցության զարգացման եւ նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ»:
Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են միջազգային թվային շուկայում փոխգործողության եւ անցումային տվյալների փոխանակման անհրաժեշտ չափանիշների սահմանումը եւ թվայնացման օժանդակումը փոխկապակցման բարձրացմանը եւ նոր հնարավորությունների ստեղծմանը ԵԱՀԿ տարածաշրջանում:



























