ԼՂՀ Ազգային ժողովւ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում են Օսմանյան Կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,

– Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,

– Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները

Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը»:

Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունները:

Նշենք, որ այսօր նշվում է Օսմանյան Կայսրությունում պոնտոսցի հույների ցեղասպանության տարելիցի օրը: