Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանի Կենտրոնական բանկը չի զսպում վարկավորման ծավալները: Այս մասին մայիսի 19-ին ԱԺ-ում հայտնել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը՝ ելույթ ունենալով ԿԲ-ի 2016-ի դրամավարկային քաղաքականության նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, որոշ երկրներում ֆինանսական կարգավորողները զսպում են վարկային պորտֆելի աճը ՝ նոր ռիսկերից խուսափելու համար: Բայց Հայաստանում դրամավարկային քաղաքականությունը, հակառակը՝ մեղմացել է, նպաստելով վարկավորման աճին: Վերջին մեկ տարում վերաֆինանսավորման դրույքը նվազել է 1.75 տոկոսային կետով: Դրա արդյունքում 2015-ի 4-րդ եռամսյակում վարկավորման ծավալները աճել են 1.4 տոկոսով: Դրա գերակշիռ մասը, 1.2 տոկոսային կետը, կազմել է տնային տնտեսությունների վարկավորումը: Ընդ որում հայկական դրամով վարկերը աճել են 2.6 տոկոսով, իսկ արտարժույթով ՝ 1.1 տոկոսով: Վարկերի համագումար ծավալով արտարժույթով վարկերը շարունակում են գերակշռել ( 2015-ի վերջի դրությամբ՝ 64 տոկոսով):