Առաջիկա 3 տարում Հայաստանը պատրաստվում է նվազեցնել պետբյուջեի դեֆիցիտը: Այդ մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով կառավարության եզրակացությունը Կենտրոնական բանկի  2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ: 

Նրա խոսքով, 2015-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի   4,4 տոկոսը: 2016-ին նախատեսված է 3 տոկոսի դեֆիցիտ, իսկ հետագա երկու տարում նախատեսված է այն նվազեցնել մինչեւ 2 տոկոս: Բայց պետք չէ մոռանալ, որ դեֆիցիտը կրճատելը նշանակում է նվազեցնել դրամական հոսքերը: Իսկ դա չի նպաստում տնտեսության ակտիվությանը:   «Ես չեմ ասում` եկեք դեֆիցիտը հասցնենք 6 տոկոսի: Չէ որ դրա համար աղբյուր է պետք հուսալի վարկերի տեսքով: Այդ պատճառով հակված եմ մտածելու, որ դեֆիցիտի կրճատումը միակ հնարավոր եւ ճիշտ ուղին է: Առաջիկա տարիներին հնարավոր է մտածել նաեւ դեֆիցիտի ողջամիտ բարձրացման միջոցների մասին», - նշել է Սաֆարյանը: