Հայաստանում հայտնաբերել են 153 անձինք, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել են՝ որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում նշել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը՝ հավելելով, որ հոգեկան խնդիրներ ունեցողներին, թմրամոլներին վարորդական վկայականների տրման հարցում օրենսդրական բացեր կան:
Արմեն Հակոբյանի խոսքով, վարորդական իրավունքի վկայականը տրվում է 10 տարի ժամկետով, եւ, եթե դրանից կես տարի կամ մեկ տարի հետո անձը հաշվառվում է որպես թմրամոլ կամ հոգեկան հիվանդ, ապա մնացած 9 կամ 9.5 տարիների ընթացքում նա ունենում է վարորդական վկայական:
ՃՈ պետը նշել է, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է որոշման նախագիծ, որպեսզի այդ տվյալները փոխանակվեն Առողջապահության նախարարության հետ միասնական բազայում, որպեսզի հնարավոր լինի տվյալ անձանց զրկել վարորդական իրավունքից:
Ամեն Հակոբյանն ընդգծել է, որ երբ պարզում են, որ անձը հաշվառվել է որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ, նրանց վարորդական իրավունքն անվավեր է ճանաչվում:



























