Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանի ներկայացրած միջնորդությունը:
Այսօր` մայիսի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց կալանավորման փոխարեն խափանման այլ միջոց ընտրել կամ գրավ կիրառել: Գեւորգ Սաֆարյանը նույնպես միացավ իր փաստաբանի միջնորդությանը` նշելով, որ իրեն կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
«Ենթադրենք` պարզվեց, որ ես մեղավոր եմ, իսկ այս հոդվածով նվազագույն պատիժը տուգանքն է երեք հարյուր հազար դրամի չափով: Նշանակում է` ես մի քանի ամիս մնում եմ անազատության մեջ, իսկ հետո տուգանք է կիրառվում: Հարգելի դատարան, ոս նախաքննության ընթացքում համագործակցել եմ նախաքննական մարմնի հետ եւ այժմ էլ չեմ պատրաստվում խուսափել դատական նիստերից»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը եւ դատարանին խնդրեց նույնիսկ գրավի դիմաց ազատ չարձակել:
Դատավոր Մնացականյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 1-ին:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:





























