Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 1-ին ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը` Չինաստանի հաղորդակցության ծառայության փոխնախագահ Գոու Յաջինի գլխավորությամբ:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Չինացի գործարարները հետաքրքրված են «Մասիս, Սիս եւ նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով եւ Հայաստան այցի ընթացում արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են, որ իրականացված նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, եւ հույս հայտնել, որ կոնկրետ արդյունքներով կվերադառնան Հայաստան:

Ա. Գեւորգյանը ողջունել է չինացի գործարարների` Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրությունը` նշելով, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան- Չինաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորություններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայությունը կխթանի երկու երկրների միջեւ փոխադարձ շփումներն ու  նոր որակ կհաղորդի առեւտրատնտեսական հարաբերություններին: