Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 20-ին,  «Հող հանձնողին հանձնենք հողին» խորագրով ակցիան չի կայացել մասնակցիների սակավ լինելու պատճառով։ Նախաձեռնության հեղինակ Վաղինակ Շուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  թերեւս հրատապ կազմակերպելու պատճառով քչերն են տեղեկացել միջոցառման մասին։

«Ակցիայի գաղափարն այն էր, որ երկու օր առաջ Վիեննայում Սարգսյան-Ալիեւ  հանդիպումից հետո  մեր երկրի նախագահը հայտարարություն արեց, որ 800 հա հողատարածք  զիջվել է ադրբեջանական կողմին եւ հավելեց՝ ով դեմ է, թող գնա հետ վերցնի։  Խորագրի իմաստը այն է, որ մենք դեմ ենք, բայց մինչեւ հետ կվերցնենք, նախ հանձնողին հողին կհանձնենք։ Քննարկումը տեղի չունեցավ, որովհետեւ մի քանի հոգի էր եկել, մի գուցե պատճառն այն էր, որ հապճեպ կազմակերպված ակցիա էր»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։

Նա նշեց, որ ակցիայի մտքից չեն հրաժարվել, անպայման քննարկումները կշարունակվեն, իսկ մինչ այդ համագործակցության առաջարկներ կանեն տարբեր մարդկանց, ովքեր կցանկանան մասնակցել այդ գործընթացին եւ պատասխան տալ նման հայտարարություններին։