«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրի» դեմ պայքարող գառնեցիները, որոնք այսօր առավոտից Երեւան-Գառնի ավտոճանապարը փակել էին, քիչ առաջ բացել են գյուղ տանող գլխավոր ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչ տիկին Արուսյակը նշեց, որ անձրեւի պատճառով են բացել ճանապարհը, սակայն, առավոտյան, կրկին փակելու են: Նրա խոսքով, Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման է գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ առաջակել գյուղացիներին գյուղապետարանում քննարկել իրենց խնդիրը, սակայն, գյուղացիները հրաժարվել են. «Մեր համար գյուղապետարանն այլեւս անարգված տեղ է եւ ոչ ոքի հետ չենք մտնի այնտեղ որեւէ քննարկման: Մարզպետին ասացինք, եթե կարող է օգնել մեզ՝ հետը կքննարկեն տեղում, եթե ոչ՝ թող գնա»,-ասաց տիկին Արուսյակը:

Նա նշեց, որ Կարապետ Գուլոյանը տեղեկացրել է, որ վարչապետը վաղը գնալու է Գառնի՝ գյուղացիների հետ հանդիպման. «Մեզ չի հետաքրքրում՝ կգա, թե ոչ: Եթե գալու է, որ ասի էդ ծրագիրը չեղյալ է հայտարարվել՝ թող գա, եթե ոչ՝ թող ընդհանրապես չգա»:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները պահանջում են նաեւ Ազատի կիրճից հանել տեխնիկան:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: