2011 թ. կառավարությունը տուգանքներ կվճարի այն արտահանողներին, որոնց ավելացված արժեքի հարկի գերավճարը ժամանակին չի վերադաձվի։ Նման հայտարարություն այսօր` հոկտեմբերի 1-ին կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի այն քննադատությանը, որ Հայաստանում գերավճարները զավեշտալիորեն բարձր են։

Ըստ վարչապետի՝ գերավճարների խնդիրն առկա է արդեն 15 տարի, ու 1-2 տարում շտկել իրավիճակը հնարավոր չէ։ Նա խոստացավ, որ հաջորդ տարի ընթացիկ գերավճարներ չեն կուտակվի, կառավարությունը կձգտի մաշեցնել նախորդ տարիների կուտակած գերավճարը:

Հարցին, թե արդյոք, կառավարությունը չափից ավելի հոռետեսություն չի՞ ցուցաբերում՝ 2010 թ. համար կանխատեսելով ՀՆԱ 2,7 տոկոս աճ, այն դեպքում երբ ԱՄՀ-ն կանխատեսել է 4 տոկոս, վարչապետն ասաց, որ կանխատեսումները վերանայվում են յուրաքանչյուր եռամսյակ։ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, մասնավորապես, ազդում է համաշխարհային տնտեսության իրավիճակը՝ ուղղակի ներդրումների, մասնավոր տրանսֆերների, շուկաների գների միջոցով։ Ըստ վարչապետի՝ կարեւորը մակրոտնտեսական ցուցանիշների հավասարակշռությունն է, որը հնարավորություն կտա բավարար պաշարներ կուտակել կայունությունը պահպանելու համար։ Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ բոլոր դեպքերում Հայաստանը կունենա բյուջեի հիմքում դրված 1,2 տոկոսանոց աճից ավելի բարձր ցուցանիշ։ «Եթե չլիներ գյուղատնտեսության անկումը, կունանայինք ավելի մեծ աճ»,- ասաց Տ. Սարգսյանը։