Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Ճանապարհների բարեկարգման ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանին 36,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նոր վարկի տրամադրումը:

Համաշխարհային բանկի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը կնպաստի շուրջ 140 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրի իրականացմանը: Ճանապարների բարեկարգման ծրագիրը հնարավորություն կտա ապահովել պետական նշանակության ճանապարհների հասանելիությունը գյուղական համայնքներում, ինչն էլ իր հերթին կխթանի տեղական արտադրողներին եւ գյուղացիներին` համեմատաբար քիչ ծախսերով փոխադրել իրենց արտադրանքը առավել մեծ շուկաներ:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը նշել է, որ ճանապարհների բարեկարգման ծրագրի ֆինանսավորումը նախատեսում է նաեւ գյուղական համայնքներում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաեւ սոցիալական մի շարք ծառայությունների հասանելիության ապահովում:

Նշենք, որ Հայաստանը Համաշխարհային բանկին անդամակցել է 1992թ., եւ վերջին 17 տարիներին Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1 միլիարդ 313 միլիոն ԱՄՆ դոլար: