Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Նորայր Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ այսօր՝ մայիսի 26-ին, դատավորը դատավարական սանկցիա կիրառեց:
Սանկցիա կիրառելու պատճառ դարձավ վկայություն տվող կուրսանտ Տիգրան Դեմիրճյանի վերաբերյալ փաստաբանի արած արտահայտությունը: Պաշտպանը հարցեր ուղղեց վկային՝ ճշտելու համար, թե ինչու նա ոչինչ չի արել միջամտելու համար տեղի ունեցածին, ինչու, երբ գիշերը տեսել է՝ ինչպես են Հայկազին դուրս տանում սենյակից, առավոտյան այդ մասին չի ասել համակուրսեցիներին, վկան պատասխանեց, որ շոկային վիճակում է եղել:
«Շոկով էլ կապրես»,- արձագանքեց պաշտպանը:
Դատարանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար դատարանի եւ վկայի նկատմամբ:
Նշենք, որ դատարանում շարունակվում է վկայի հարցաքննությունը: Նա պատմել է, որ ինքը տեսել է մեղադրյալներին սենյակում՝ Հայկազի մահճակալի շուրջը, լսել է Հայկազի ձայնը, ինչպես է նա փսխում եւ վախեցել է, չի միջամտել:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























