Մոսկվայի մի բնակիչ դիմել է Գերագույն դատարան` պահանջելով անօրինական ճանաչել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  որոշումը` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Յուրի Լուժկովին ազատելու վերաբերյալ:

Անատոլի Լեմեշեւը պատմել է, որ դատարանում նրա հայցադիմումը հանգիստ են ընդունել եւ խորհուրդ տվել «հետաքրքվել դիմումի հետագա ճակատագրով»։

Մոսկվացին բացատրել է, որ նա այս քայլով ամենեւին էլ նպատակ չունի Յուրի Լուժկովին վերականգնել իր պաշտոնում։

«Կարեւոր է, որ ամեն ինչ խստորեն օրենքին համապատասխան լինի»,-ասել է նա՝ շարունակելով. «Եթե նախագահը պաշտոնազրկում է Մոսկվայի քաղաքապետին,  պատճառաբանելով, որ կորցրել է իր վստահությունը` պարտականությունները լավ չկատարելու պատճառով , ապա նա պետք է պարզաբանի, թե քաղաքապետը հատկապես ո՞ր պարտականությունները լավ չի կատարել»։

Հիշեցնենք, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 29-ի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին ազատել է պաշտոնից, իսկ փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինին նշանակել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար: