Վերջապես Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա՝  պարզելու ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման օրակարգի հիմնական թեման եղել է 2016թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի քննարկումը։

Դեսպան Վարդանյանն իր մտահոգությունն է հայտնել նահանգապետին եւ հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորները արժանի պատիժ կստանան,  հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։

Նահանգապետ Մաչուտաձեն  նշել է, որ իր  անմիջական վերահսկողության տակ կպահի  միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը եւ զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:

Այցի շրջանակներում դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է նաեւ Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի եւ շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:

Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետեւողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ ունեցած իր հանդիպումների եւ հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:

Ախալքալաք այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելել է նաեւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:

Հիշեցնենք, որ «Ջավախք»  հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ՝ կրակ վառելու եւ այսպիսով հարգելու  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը՝ վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: