Ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի այցը Ջավախք ուշացած էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
«ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի այցը Ախալցխա ուշացած էր, պետք էր արագ արձագանքել, քանի որ Վրաստանի իշխանույթունների՝ ջավախքահայերի նկատմամբ վարած քաղաքականությունը լրիվ հակահայկական է, էդ կոնտեքստում նման երեւույթներին անհրաժեշտ է արագ արձագանքել։ Հիմա դեսպանն եկավ, գնաց ու չգիտեմ՝ արդյունք լինելու է, թե ոչ, ես անձամբ ակնկալիքներ չունեմ, որ մեղավորները կպատժվեն։ Եկել է Ախալքալաք ու հանդիպումներ է ունեցել նեղ շրջանակների հետ՝ տեղական իշխանությունների, որոնց նշանակել է Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ոչ թե ընտրել է ժողովուրդը եւ ի՞նչ եք կարծում, այս մարդիկ կարո՞ղ են ինչ որ բան փոխել, հետեւողական լինել, իհարկե, ոչ»,-ասաց Ռստակյանը։
Նա նշեց, որ հետեւելով ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ուղղությամբ տարվող գործընթացներին, պարզ է դառնում, որ երկու ամիս անց մեղավորներին պարզելու ուղղությամբ ոչինչ էլ չի արվել եւ չի էլ արվելու. «Դժվար է հասկանալ, թե այս խնդրի լուծման վերաբերյալ Վրաստանի իշխանություններն ինչ են անում։ Հետեւելով իրադրությանը, կարծում եմ, որ ինչ-որ ակնկալիքներ ունենալ վիճակը շտկելու համար սխալ կլինի։ Վրաց իշխանությունները ծածկադմփոց են անում՝ հայատյացության մթնոլորտ ստեղծում։ Վրաց իշխանությունների քաղաքականությունն այսպիսին է, որի մեջ, իհարկե, Հայաստանի իշխանություններն եւս իրենց մեղավորությունն ունեն»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա՝ պարզելու ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Նա հանդիպել է նահանգապետ Մաչուտաձեի հետ, հանդիպման օրակարգի հիմնական թեման եղել է 2016թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի քննարկումը։
Հիշեցնենք, որ «Ջավախք» հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ՝ կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը՝ վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:



























