Պետեկամուտների կոմիտենի ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության աշխատակիցները` ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են տարադրամի փոխանակման ապօրինի կետ. այն գործել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում` առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապօրինաբար արտարժույթի առք ու վաճառք իրականացրած տնտեսվարողի` Ռուբեն Բաղդասարյանի նկատմամբ կազմվել է համապատասխան ակտ:

Բացի այդ, ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Հաղթանակ գյուղում կահույքի ապօրինի արտադրամաս է գործում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Արտակ Գեւորգյանն, իրոք, իրականացնում է փայտե կահույքի ապօրինի արտադրություն: Ըստ Ա.Գեւորգյանի հայտարարության, արտադրամասը գործել է օգոստոսի 20-ից` առանց համապատասխան գրանցման:

Նույն գյուղում` դարձյալ կահույքի ապօրինի արտադրամաս է հայտնաբերվել. այս դեպքում ապօրինի ձեռնարկատերը Խաչիկ Մելոյանն է, ով հարկային դաշտից դուրս գործունեություն է ծավալել 12 օր:

Ապօրինի գործունեությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն էլ օրերս կատարված ստուգայցի արդյունքում բացահայտել են ավտոկանգառի ապօրինի կազմակերպման գործունեություն: Այն  իրականացրել էր քաղաքացի Արամ Ոսկանյանը: