Առնվազն 100 մլն դոլար ունեցող մարդկանց կարողությունը առաջիկա հինգ տարվա ընթացքում կարող է ավելանալ ֆոնդային շուկաների աճի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով Boston Consulting Group-ի հետազոտությունը:
Նշվում է, որ այդ կարգի մեջ մտնող մարդկանց ընդհանուր կարողությունը տարեկան կավելանա 9,5 տոկոսով, իսկ 2020-ին 224 տրլն դոլար կկազմի: Ընդ որում, եթե 2015-ին միլիարդատերերին պատկանող համաշխարհային հարստության մասնաբաժինը 47 տոկոսի մակարդակում էր, այժմ այն կավելանա մինչեւ 52 տոկոս, հայտնում է Gazeta-ն:
Ներդրումային գործունեությունից եկամտի կրճատմանը բախվելով` այնպիսի բանկեր, ինչպիսիք են UBS Group AG-ն, Credit Suisse Group AG-ն եւ JPMorgan Chase & Co.-ն վերակողմնորոշվել են դեպի գերհարուստ մարդկանց եւ նրանց ընկերություններին ծառայությունների մատուցում, որոնց խորհրդատվություն եւ հարյուր միլիոնավոր դոլարների վարկային գծեր են առաջարկում:
Բացի այդ, BCG-ի հաշվետվությունից հետեւում է, որ օֆշորային ֆինանսական կենտրոնների ակտիվների ընդհանուր արժեքը 2015-ին աճել է 3 տոկոսով, մինչեւ 10 տրլն դոլար: Մինչ որոշ եվրոպական եւ հյուսիսամերիկյան ներդրողներ փող են վերադարձնում իրենց երկրներ, ֆիզիկական անձինք փորձում են խուսափել իրենց կարողության վրա քաղաքական եւ տնտեսական ազդեցությունից: Ակնկալվում է, որ Հոնկոնգում եւ Սինգապուրում գրանցված օֆշորային ակտիվները տարեկան կավելանան մոտավորապես 10 տոկոսով:





























