Հայաստանը արտաքին առեւտրի մեր ավանդական գործընկերն է: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Երեւանում ընթացող հայ- չեխական գործարար համաժողովի ժամանակ ասաց Չեխիայի առեւտրի եւ զարգացման նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։
«Չեխիայից Հայաստան արտահանումն աճել է 6 տոկոսով, իսկ հակառակ ուղղությամբ՝ 15 տոկոսով: Հայաստանն այն պետությունների շարքում է, որոնց հետ ցանկանում ենք ակտիվ համագործակցել։ Միջկառավարական հանձնաժողովը, որի ղեկավարն եմ ես, նպատակ ունի այնպես անել, որ Չեխիայի բիզնես հանրությունը խորապես հետաքրքրված լինի հայ գործարարների հետ համագործակցությամբ»,- ասաց չեխ փոխնախարար։
Բարտլի խոսքով՝ չեխական կողմը հետաքրքրված է երկարատեւ համագործակցությամբ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ չեխական առեւտրային բանկերը հետաքրքրություն ունեն համագործակցության նկատմամբ. «Մենք բազմակողմանի համագործակցություն ունենք»։
Նշենք, որ Երեւանում ընթացող գործարար համաժողովին մասնակցում են նաեւ երկու երկրների նախագահները։





























