Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները այսուհետ կարող են լիցենզիա ստանալ էլեկտրոնային տարբերակով՝ այցելելով e-gov.am կայքը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջիկա 2 ամիսներին այս եղանակից կարող են օգտվել ֆինանսների եւ տրանսպորտի ու կապի նախարարություններից պարզ ընթացակարգերով լիցենզիա ստացողները, որոնց թվում են, ի դեպ, մի քանի հազար տաքսու վարորդներ։ Դ. Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հրավիրած մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ 6 ամսվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով լիցենզիա կարելի է ստանալ նաեւ մյուս նախարարություններից, բացառությամբ այնպիսի լիցենզիաների, որոնք, օրինակ, վերաբերում են միջուկային էներեգետիկային կամ ռազմական արդյունաբերությանը։

Լիցենզիան ստանալու համար հայտատուն պետք է կայքում լրացնի իր տվյալները, փաստաթղթերը կարելի է տեղադրել նաեւ սքանով, որից հետո կստանա 12 նիշանոց կոդը։ Այն հայտատուն, ով ունի էլեկտրոնային ստորագրություն (իսկ դրանց թիվը, ըստ Դ. Սարգսյանի, ներկա պահին 3,5 հազ. է), լիցենզիան կստանան էլեկտրոնային տարբերակով՝ առանց գերատեսչություն այցելելու։ Էլեկտրոնային ստորագրություն չունեցող հայտատուները լիցենզիայի ստացման համար գոնե մեկ անգամ պետք է այցելեն համապատասխան գերատեսչություն՝ ստորագրություն դնելու համար։