Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը վերադարձել է գործարար ակտիվությանը եւ վերջերս խոշոր միջոցներ է ներդրել ֆոնդային շուկաների անկման հաշվարկով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Թերթի տեղեկություններով՝ Soros Fund Management հիմնադրամը, որին է պատկանում Սորոսի եւ նրա ընտանիքի 30 մլրդ դոլարը, վաճառել է բաժնեմասերի փաթեթները եւ ստացված գումարով գնել ոսկի եւ ոսկու հանքերի շահագործմամբ զբաղվող ընկերությունների արժեթղթեր: Պարբերականը կարծում է, որ դա ծայրահեղ տագնապալի նշան է, եւ որ ֆինանսիստը, որը ժամանակին հայտնի էր որպես «Անգլիայի բանկի սպանող» պատրաստվում է վերադառնալ բորսային շահարկումներին:
Թերթը հիշեցնում է, որ վերջին ժամանակներս 85-ամյա Սորոսը գրեթե հեռացել էր գործերից եւ զբաղվում էր բարեգործությամբ:
Սորոսի նախկին գործընկեր, Rogers Holdings-ի կառավարման նախագահ Ջիմ Ռոջերսը մարտին Bloomberg-ի հետ զրույցում ասել էր, որ առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ տնտեսության մեջ նորից հետընթաց կգրանցվի, որի նախանշաններն արդեն նկատվում են: «ԱՄՆ-ում վերջին հետընթացի պահից անցել է 8 տարի, եւ սովորաբար պատմության մեջ դա կրկնվում է ամեն 4 կամ 7 տարին մեկ՝ անկախ դրա պատճառներից»,- ասել էր Ռոջերսը:
Նա չէր բացառել ԱՄՆ-ում «ֆինանսական փուչիկի ձեւավորումը», եթե անբարենպաստ կոնյուկտուրայով պետությունները սկսեն միջոցների ավելցուկը պահել ԱՄՆ դոլարով:





























