Լիտվական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության զարգացմամբ եւ ոլորտի տարբեր ճյուղերում  փորձի փոխանակմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սաուլյուս Յակիմավիչյուսը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Լիտվայի հետ ձեւավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության ոլորտում:

«Վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար եւ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ», - նշել է նախարարը:

Պատվիրակության ղեկավար Սաուլյուս Յակիմավիչյուսն իր հերթին նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության զարգացմամբ եւ ոլորտի տարբեր ճյուղերում  փորձի փոխանակմամբ:

Երկկողմ փոխգործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պատվիրակության անդամներին ուսումնասիրել համատեղ ընկերություններ հիմնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2016 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:

Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունը ագրարային ոլորտում եւ ընթացիկ տարում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, անասնաբուծության ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն եւ մեթոդոլոգիական աջակցություն անասնաբուծական ֆերմաների կառավարման եւ կենդանիների բուծման հարցերում:

Բացի այդ, հայկական կողմին աջակցություն կցուցաբերվի ձկնաբուծության կառավարումը բարելավելու ուղղությամբ: Այդ նպատակով կներկայացվի Լիտվայի փորձը ձկների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ ձկան արժեքավոր տեսակների բուծման գործում, որոնք հիմնականում աճեցվում են փակ ցիկլի ջրային համակարգերում:

Փաստաթղթով նախատեսվում է խորհրդատվության եւ մեթոդոլոգիական աջակցության տրամադրում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնում Լիտվայի եւ Հայաստանի խորհրդատվական ծառայությունների միջեւ:

Վերը նշված գործողությունների իրականացման ընթացքում գործողությունների պլանն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կկազմակերպվեն հայ եւ լիտվացի մասնագետների փոխայցելություններ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է պատվիրակության ղեկավարին իր լիտվացի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: