Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման դեմ են հանդես եկել Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան եւ Իտալիան: Այդ քայլի հակառակորդները վախենում են, որ վիզաների վերացումից հետո ԵՄ-ում կավելանա Վրաստանից հանցավոր աշխարհի ներկայացուցիչների թիվը:   

Գերմանիան եւ Եվրամիության անդամ մի շարք երկրներ արգելափակել են Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման մասին բանաձեւի ընդունումը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը նախատեսված էր ուրբաթ` հունիսի 10-ին, հանվել է ԵՄ-ի ներքին գործերի նախարարների հանդիպման օրակարգից: Այդ մասին չորեքշաբթի` հունիսի   8-ին հայտնել է dpa գործակալությունը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: 

Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման հակառակորդները վախենում են, որ վիզայի պատնեշի բացակայությունից կօգտվեն վրացական ավազակային խմբերի անդամները եւ դա Եվրամիության երկրներում հանցավորության աճի կհանգեցնի: Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Բելգիայից հետո նման քայլի նպատակահարմարության վերաբերյալ կասկածներ է հայտնել նաեւ Իտալիան: Դրանից կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտնել էր, որ Թբիլիսին կատարել է վիզայի ռեժիմի վերացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, հայտնում է  DW-ն: