Եվրամիությունը Վրաստանի, Ուկրաինայի եւ Կոսովոյի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի սեպտեմբերից ոչ շուտ, գրում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով պաշտոնատար անձանց եւ դիվանագետների:
Պարբերականի տվյալների համաձայն, վիզաները չեղյալ հայտարարելու համար մի քանի խոչընդոտ գոյություն ունի:
Նախ` Իտալիան եւ Ֆրանսիան առաջարկում են որոշումը հետաձգել մինչեւ նոր կանոնների ընդունում, որոնք անհրաժեշտության դեպքում կպարզեցնեն համաձայնագրի սառեցումը: Ակնկալվում է, որ այդ կանոնները հավանության կարժանանան սեպտեմբերին:
Երկրորդ` Գերմանիան վախենում է վրացական կազմակերպված հանցավորությունից, որին նա մեղադրում է դաշինքում բնակարանային գողությունների թվի աճի համար: Աղբյուրները հայտնել են, որ ԳԴՀ-ի իշխանությունները Եվրամիությանն են դիմել` խնդրելով զեկույց ներկայացնել ԵՄ-ի տարածքում հանցավոր խմբավորումների մասին:
Իր մտավախություններն է հայտնում նաեւ Ֆրանսիան, որը համարում է, որ վիզաների չեղյալ համարումը կմեծացնի ահաբեկչական գրոհների վտանգը:
Բացի այդ, ԵՄ-ի որոշ անդամներ խելամիտ են համարում նախ լուծել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հարցը, ինչը, ըստ WSJ-ի, տեղի կունենա հոկտեմբերից ոչ շուտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ են վարում` նորմեր մշակելու, որոնք ԵՄ-ի մի շարք երկրների թույլ կտան դադարեցնել առանց վիզայի ռեժիմը, հայտնում է Gazeta-ն:





























