Մալդիվյան հանրապետության նախկին փոխնախագահ Ահմեդ Ադիբը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել նախագահին սպանելու նպատակով դավադրության մասնակցելու մեղադրանքով: Ադիբը մեղավոր է ճանաչվել անցյալ տարի նախագահ Աբդուլլա Յամինի մոտորանավակում տեղի ունեցած պայթյունին մասնակցության համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին, այս շաբաթ նրան նաեւ դատապարտել են 10 տարվա ազատազրկման զենք պահելու համար:
Նախագահ Աբդուլլա Յամինի նկատմամբ մահափորձը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերին: Երբ Մալդիվների ղեկավարը, Մեքքա ուխտագնացություն կատարելով, իր արագընթաց մոտորանավակով վերադառնում էր Սաուդյան Արաբիայից, նավում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից վիրավորվել էր նախագահի կինը, ինչպես նաեւ թիկնապահը եւ պետության ղեկավարի օգնականը:
Յամինը Մալդիվների նախագահ էր ընտրվել 2013 թվականին: Այդ ժամանակվանից Յամինի գործնականում բոլոր քաղաքական մրցակիցները կամ վտարանդիության մեջ են հայտնվել կամ բանտ են ընկել, նշում է Ֆրանս պրեսսը:
Ադիբը չորրորդ բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որը վերջին երեք տարվա ընթացքում ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության մեղադրանքով:
Ավելի վաղ 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել երկրի նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը: ՄԱԿ-ը եւ շատ իրավապաշտպան կազմակերպություններ հայտնել են, որ Նաշիդի դեմ գործը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող:
Հունվարին Մալդիվների իշխանությունները Նաշիդին թույլատրել են մեկնել Մեծ Բրիտանիա բուժում ստանալու: Մայիսին հայտնի է դարձել, որ բրիտանական իշխանությունները նրան քաղաքական ապաստան են տրամադրել:
Ահաբեկչության մեղադրանքով ավելի վաղ տարբեր պատժաժամկետների էին դատապարտվել պաշտպանության նախկին նախարար Մոհամեդ Նազիմը եւ «Ադհաալաթհ» կուսակցության առաջնորդ Շեյխ Իմրան Աբդուլլան:





























