Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 9-ին, տեղի է ունեցել իրազեկման միջոցառում, որտեղ ներկայացվել են ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները:
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առեւտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները եւ այլ կառույցների ներկայացուցիչները:
Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող՝ Լիլիթ Ափուջանյանը: Կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունները: Նա գործարարներին, ինչպես նաեւ աջակցող կազմակերպություններին ներկայացրեց ՁԵՑ կողմից տրամադրվող ծառայությունները, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ՁԵՑ գործիքների միջոցով կնքված միջազգային համագործակցության օրինակներ, ինչպես նաեւ տեղեկացրեց ՁԵՑ գործիքներից օգտվելու օգուտների մասին:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Եվրամիության երկրներ արտահանման (Export Help Desk) գործիքը: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Ինգա Մարքվարթը խոսեց դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության մասին, ինչպես նաեւ ներկայացրեց Գերմանիայի ավագ փորձագետների ծառայությունների մանրամասները, գործունեության ոլորտները: Մասնակիցները նաեւ հարց ու պատասխանի ընթացքում ծավալեցին կառուցողական քննարկում:






























