Վրաց ուղղափառ եկեղեցին հրաժարվել է մասնակցել Կրետե կղզում Տիեզերական ժողովին: Համապատասխան որոշումն ընդունվել է Սրբազան սինոդի կողմից:
Սվանեթի Մեստիա-Զեմոյի միտրոպոլիտ Իլարիոնը Սրբազան սինոդից հետո հայտնել է, որ որոշումը, ըստ որի ՎՈՒԵ-ն չի մասնակցի Տիեզերական ժողովին, ընդունվել է միաձայն:
Սրբազան սինոդի նիստը ղեկավարել է համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցուց հետո Անտիոքի Պատրիարքության Սրբազան Սինոդը հայտարարել էր, որ իր պատվիրակությունը չի մասնակցի Տիեզերական ժողովին: Դիրքորոշումը կարղ է փոխվել միայն այն դեպքում, եթե Կոստանդնпւպոլսի պատրիարքի առաջատար դերով լուծվի հակամարտությունը Անտիոքի եւ Երուսաղեմի պատրիարքությունների միջեւ:
Համայն ուղղափառ ժողովը տեղի կունենա Կրետեում հունիսի 16-26-ին: Այն ավելի քան հազար տարի չի գումարվել եւ արդեն կես դարից ավելի է` նախապատրաստվում է: Այնտեղ բոլոր որոշումները կընդունվեն փոխհամաձայնությամբ: Յուրաքանչյուր Եկեղեցի 24 հոգուց բաղկացած պատվիրակություն կունենա: Օրակարգի մեջ չեն մտցվի չհամաձայնեցված հարցեր, իսկ փաստաթղթերի բոլոր նախագծերը, որոնք առաջարկվում է քննարկել այդ ֆորումում, հրապարակվել են ծանոթացման համար Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ:
Ժողովի մասնակիցները փաստաթղթեր կընդունեն հետեւյալ թեմաներով. Ուղղափառ եկեղեցու հարաբերությունները մնացած քրիստոնյա աշխարհի հետ, ժամանակակից աշխարհում պահքի, ամուսնության, եկեղեցու առաքելության, սփյուռքում ուղղափառների շրջանում քարոզչության վերաբերյալ:





























