Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ակտոբեում ահաբեկչություններ իրականացրած զինյալները սալաֆականներ են եղել: Ըստ Zakon.kz-ի, այս մասին նա նշել է հունիսի 10-ին, երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

«Մենք մտադիր ենք վճռական դիմակայություն ցույց տալ բոլոր նրանց, ովքեր, քողարկվելով կրոնական կարգախոսներով, կփորձեն խարխլել երկրում իրավիճակը»,- հայտարարել է Նազարբաեւը՝ հավելելով, որ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել գրեթե բոլոր հանցագործներին:

Հունիսի 8-ին Նազարբաեւը հայտարարել էր, որ հանրապետությունում «գունավոր հեղափոխության» նախանշաններ են նկատվում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ակտոբե քաղաքը ծայրահեղական մի քանի խմբերի հարձակման ենթարկվեց, արդյունքում 7 մարդ զոհվեց, 38-ը՝ տուժեց:

Նույն օրը Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում 13 ծայրահեղականի ոչնչացրեցին: