Հայաստանի 2011 թ. պետական բյուջեի նախագծում պարտադիր ավտոապահովագրության գծով նախատեսվել է 40 հազ. դրամ (մոտ 110 դոլար) ապահովագրական վճար՝ յուրաքանչյուր ծառայողական մեքենայի հաշվով։ Նշենք, որ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվը 2011 թ. համար նախատեսվել է 972 հատ, որը 2010 թ. համեմատ ավելացվել է 28-ով։ Այսպիսով՝ պարտադիր ավտոապահովագրությունը հարկատուների վրա կնստի 38,8 մլն դրամ (մոտ 100 հազ. դոլար):
Ամենաշատ ծառայողական մեքենա տրամադրվել է դատախազությանը՝ 91 հատ։ Երկրորդ տեղում պետեկամուտների կոմիտեն է՝ 81։ Ընդ որում՝ 2 գերատեսչություններում էլ ծառայողական մեքենաների թիվը չի ավելացվել։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին տրամադրվել է 79 մեքենա՝ 7-ով ավելի, քան ներկայում։ ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի մեքենաները չեն ավելացվել՝ համապատասխանաբար 63 եւ 74։
Նշենք, որ ապահովագրական վճարների չափը դեռ վերջնականապես չի որոշվել։ Ավտոապահովագրողների բյուրոն մշակել եւ շրջանառության մեջ է դրել միայն նախագիծը, որը դեռ պետք է հաստատվի Կենտրոնական բանկի կողմից։ Եթե նախագիծը փոփոխության ենթարկվի՝ պետական բյուջեի նախագծում եւս հնարավոր են փոփոխություններ։




























