Պետական կառավարման ապարատում 2011 թվականին աշխատողների թվաքանակը կկրճատվի 260-ով։ Այդ մասին նշված է 2011 թ. բյուջետային ուղերձում։ Այդպիսով՝ պետական ծառայողների ընդհանուր թիվը կկազմի 16 660՝ նախորդ տարվա՝ 16 920-ի դիմաց։

Ինչպես եւ նախորդ տարի՝ ամենաշատ աշխատողներ կան պետեկամուտների կոմիտեում՝ 3362։ ՊԵԿ կենտրոնական ապարատում աշխատում է 772 մարդ, որը ավելի է նախարարությունների մեծ մասի աշխատակազմից։ Մաքսատներում, մաքսակետերում եւ տարածքային հարկային տեսչություններում աշխատում է 2490 մարդ։

Ազգային Ժողովի աշխատակազմը բաղկացած է 768 մարդուց, Նախագահինը՝ 356, կառավարությանը՝ 282։ Այս մարմիններից միայն կառավարությունն է ավելացրել հաստիքները՝ 3-ով։

Հայաստանի դատարանների եւ դատական դեպարտամենտի ընդհանուր հաստիքների քանակը 2339 է, ինչը 22-ով ավելի է 2010 թ. համեմատ։

Պետական մարմիններից ամենամեծ կրճատումը կատարվել է առողջապահության նախարարությունում՝ 63 մարդ, հիմնականում ի հաշիվ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, որտեղ, պարզվում է, աշխատում են 429 հոգի։ Ընդհանուր առմամբ, առողջապահության նախարարությունում աշխատելու է 567 հոգի։

90 հոգով կրճատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը, ուր հաջորդ տարի կաշխատեն 808 հոգի։ Այս նախարարությունից 40 մարդ է կրճատվել զբաղվածության ծառայությունում, 15-ը՝ աշխատանքի պետական տեսչությունում։

Ամենաշատ հաստիքներ ավելացել են արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ ստեղծվում է պետական հրդեհային տեսչությունը՝ 177 աշխատողով։