Վերջին 20 տարվա ընթացքում ավելի քան 60 հազար միգրանտ եւ փախստական է զոհվել կամ անհետ կորել` փորձելով ծովով կամ ցամաքով հասնել անվտանգ տարածքներ, ասված է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մահացու ուղեւորություն, երկրորդ հատոր. զոհված կամ անհետ կորած միգրանտների ճանաչում եւ որոնում» վերնագրով զեկույցը գնահատում է միգրանտների հետ կապված իրավիճակը 1996 թվականից ի վեր:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ամբողջ աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է կամ անհետ կորել ավելի քան 60 հազար միգրանտ եւ փախստական: Դրանք ՄՄԿ-ի մոտավոր գնահատականներն են, որոնք հիմնված են պաշտոնական իշխանությունների, լրատվամիջոցների հաղորդագրությունների եւ այլ տեղեկատվության վրա:
ՄՄԿ-ի տվյալների համաձայն, 2015-ին զոհվել կամ անհետ կորել է մոտ 5,4 հազար միգրանտ: Այս տարի Եվրոպայի ճանապարհին զոհվում է ամեն 23-րդ փախստականը: Ընդ որում, ողբերգությունների 80 տոկոսը տեղի է ունենում Միջերկրական ծովով ուղեւորության ընթացքում:
ՄՄԿ-ից նշում են, որ 2013-ի հոկտեմբերին իտալական Լամպեդուզա կղզում ողբերգության պահից ի վեր, երբ նավի խորտակման հետեւանքով առնվազն 500 մարդ զոհվեց, Միջերկրական ծովի ջրերում արդեն զոհվել կամ կորել է 10 հազար միգրանտ եւ փախստական:




























