11 երեխաների մայր 49-ամյա Բրենդա Լի Մարկես ՄաքՔուլը երկու անգամ հաղթահարել է քաղցկեղը, սակայն սպանվել է Օռլանդո քաղաքի Pulse գեյ-ակումբում իրականացված ահաբեկչության հետեւանքով:
ՄաքՔուլը պայքարել է կրծքի եւ ոսկրահյուսվածքի քաղցկեղի դեմ եւ երկու անգամ էլ հաղթահարել է հիվանդությունը: Շաբաթ նա իր որդիներից մեկի հետ գնացել է Pulse ակումբ: Նա մահացել է երկու կրակոցից, իսկ նրա որդին ողջ է մնացել: Բրենդայի մյուս որդին ընտանիքի օգնության համար դրամահավաք է կազմակերպել GoFundMe հարթակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN-ը:
Ողբերգությունից մի քանի ժամ առաջ ՄաքՔուլը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են մարդիկ պարում լատինաամերիկյան երաժշտության ներքո:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Օռլանդոյի Pulse գեյ-ակումբում իրականացված ահաբեկչության հետեւանքով 49 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել:





























