Մեքսիկայի Մեխիկո նահանգի «Խուան Ֆերնանդես Ալբարան» բանտից երեք բանտարկյալ է փախել հունիսի 14-ի գիշերըը բռնկված խռովության ժամանակ: Այս մասին հաղորդել է նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Խոսե Մանսուրը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, անկարգությունների պատճառ է դարձել պահպանության ռեժիմի խստացման որոշման առիթով բանտարկյալների դժգոհությունը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ի երեկոյան դատապարտյալներից մեկին հաջողվել է հեռանալ ուղղիչ հաստատությունից:

Բանտում վերահսկողություն հաստատելու համար իշխանությունները 700 իրավապահի եւ հատուկ ջոկատայինների են ներգրավել՝ անկարգությունները ճնշելու համար: Նահանգի իշխանությունները 300 հազար պեսոյի չափով (շուրջ 16 հազար դոլար) պարգեւ են խոստացել տեղեկությունների համար, որոնք կարող են ոստիկանությանն օգնել բռնել փախած հանցագործներին: