Շրի Լանկայում կոկայինի` կղզու  ամբողջ պատմության ընթացքում  ռեկորդային` ավելի քան  90 կգ կշռող խմբաքանակ է առգրավվել: Դրա արժեքը սեւ  շուկայում մոտ 13,8 մլն դոլար կկազմեր: Այդ մասին հայտնել է Շրի Լանկայի Պետական կառավարման եւ ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Հակաթմրանյութային վարչության աշխատակիցներին հաջողվել է առգրավել կոկայինի ամենամեծ խմբաքանակը, որը երբեւէ մաքսանենգ եղանակով կղզի է հասցվել,- ասված է հաղորդագրության մեջ: Բրազիլիայից եկած շաքար տեղափոխող տրանսպորտային կոնտեյների ներսում մի քանի ուղեպայուսակում հայտնաբերված ավելի քան 90 կգ  թմրանյութի արժեքը գնահատվում է 13,8 մլն դոլար»:

Ավելի վաղ` ապրիլին Կոլոմբոյի նավահանգստում թմրանյութի խոշոր խմբաքանակ էր առգրավվել իրանական ձկնորսական նավում: Այդ ժամանակ 7,5 մլն դոլար արժողությամբ 110 կգ հերոին էր հայտնաբերվել:

Շրի Լանկայի հատուկ ծառայությունների կարծիքով, բարձր մաքրությամբ թմրանյութի երեք խոշոր խմբաքանակի առգրավումը վկայում է, որ ներկայումս թմրանյութի համաշխարհային առեւտրականները փորձում են Կոլոմբոն Եվրոպայից Ասիա թմրանյութի տեղափոխման տարանցիկ կենտրոնի վերածել: Երկրի Ներքին  գործերի նախարարությունն ընդգծում է, որ «դա նշանակում է, որ կղզու հակաթմրանյութային ծառայությունները պետք է առանձնահատուկ զգոն լինեն»:

Երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան այցելել է Կոլոմբոյում կոնտեյներային տերմինալ, որտեղ իրազեկիչների տեղեկության շնորհիվ հայտնաբերվել է կոկայինը, եւ անձամբ շնորհակալություն է հայտնել ուժային բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են գործողությանը: