Ամերիկյան Ֆլորիդա նահանգում սպանելու են այն չորս կոկորդիլոսներին, որոնց բռնել են այն նույն լճից, որի ափին մի կոկորդիլոս երեխայի է քաշել ջուրը տարել, հայտնում է News 6. հեռուստաալիքը:
Մասնագետները մտադիր են ստուգել արդյոք այդ կենդանիներից որեւէ մեկը չի եղել միջադեպի մեղավորը, չնայած նախնական տեղեկություններով տղայի վրա հարձակված կոկորդիլոսը դեռ ազատության մեջ է:
Բռնած կենդանիների երկարությունը երկու մետրի է հասնում:
Շերիֆը նշել է, որ քանի որ մի քանի ժամ որոնումներից հետո ոչ կենդանուն, ոչ էլ երեխային գտնել չի հաջողվել, տղային ողջ գտնելու հավանականությունը մեծ չէ: Այդուհանդերձ որոնումները կշարունակվեն: Միջադեպը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում հունիսի 14-ի երեկոյան՝ Disney's Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվում է Disney World ժամանցային պարկի տարածքում: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գնացել էր այնտեղ հանգստանալու: Կոկորդիլոսը հարձակվել էր տղայի վրա, երբ ընտանիքը տեղի լճերից մեկի ափին զբոսնում էր: Հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել: Ընդ որում տղամարդը աննշան վնասվածքներ է ստացել: Ոստիկանները շարունակում են որոնել երեխային:





























