Դանիայում երեք սիրողական հնագետներ Յուտլանդիայի հարավային շրջաններից մեկում գտել են վիկինգների ժամանակաշրջանի յոթ ապարանջան՝ մեկը արծաթից, մյուս վեցը՝ ոսկուց, հայտնել է Կոպենհագենի մշակութապատմական թանգարանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Զարդերը 10-րդ դարից են պահպանվել, ընդհանուր կշիռը 900 գրամ է ու դրանք արդեն ճանաչվել են Դանիայի պատմության մեջ խոշորագույն ու ամենահազվագյուտ գտածոն:

«Գանձերը առաջին տեղն են զբաղեցնում Դանիայում վիկինգների ժամանակաշրջանի ոսկե գտածոների ցանկում ու 900 գրամ են կշռում: Արծաթյա ապարանջանի հետ միասին դրանք գրեթե մեկ կիլոգրամ են կշռում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Դանիայի համար խոշորագույն գտածո էր համարվում Յուտլանդիայի հարավ- արեւմուտքում հայտնաբերված 750 գրամ ոսկին:

«Նման մատանիներից թեկուզ մեկը գտնելը մեծ նշանակություն ունի, այնպես որ յոթը գտնելը իրոք առանձնահատուկ նշանակություն ունի»,- համարում է Կոպենհագենի ազգային թանգարանի վիկինգների ժամանակաշրջանի մասնագետ Փիթեր Պենցը:

Նրա խոսքով վիկինգների ժամանակաշրջանը իրականում արծաթե դար է, եթե խոսենք գանձերի մասին: Այսինքն «գտածոների ճնշող մեծամասնությունը արծաթից են պատրաստված: Իսկ ոսկին, ի տարբերություն այս անգամվա, միշտ գտածոների աննշան մասն է կազմել»,- ասել է փորձագետը:

Նրա գործընկեր Լարս Գրունդվադը նկատել է, որ այն նոյն վայրում, որտեղ գտել են այց զարդերը, 1911-ին հայտնաբերել էր 97 գրամանոց մի ոսկյա շղթա ու դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ շղթան ու ապարանջանները կապ ունեն իրար հետ:

Սիրողական հնագետները,մեկնաբանելով իրենց գտածոն, խոստովանել են, որ միանգամից չեն հավատացել, որ իրենք իրոք նման կարեւոր բան են գտել: