Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ավելի քան 70 մարդ է մասնակցել մրցույթին, որում հարկավոր էր 90 րոպե ոչինչ չանել: Space Out մրցույթն անցկացվել է Իչոն Հանգան քաղաքային զբոսայգում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Vice-ը:

Հաղթելու ցանկություն ունեցողները չպետք է բջջային հեռախոսով զբաղվեին, քնեին կամ զրուցեին: Ջուր խմելու կամ զուգարան գնալու համար մասնակիցները կազմակերպիչներին նախապես տեղեկացրել են՝ հատուկ քարտ բարձրացնելով:

Մրցաշար անցկացնելու գաղափարը նկարչուհի Վուպս Յանինն է: Նման առաջին մրցույթը նա կազմակերպել է 2014 թվականին: Կինը խիստ անհանգստություն է զգացել, երբ որեւէ բանով չի զբաղվել: Այդ ժամանակ նա ենթադրել է, որ եթե բազմաթիվ մարդիկ իր հետ միասին ոչինչ չանեն, ապա իրեն ավելի հարմարավետ կզգա:

Այս տարի մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 2 հազար մարդ, սակայն ընտրել են լավագույններին:

Մրցույթի հաղթող է ճանաչվել ռեփեր Շին Նիո-Սեոբը: Տղամարդը 90 րոպե դիմացել է անգործ նստելուն, իսկ հետո խոստովանել, որ նախապես մարզվել է տանը: