Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է օտարերկրյա եւ ազգային արժույթով Հայաստանի որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում։ Այդ մասին տեղեկացնում է РБК-ն։ Կանխատեսումը «կայուն» է։ Միեւնույն ժամանակ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում եւ երկրի առաստաղային վարկանիշը B մակարդակում։

«Հայաստանի տնտեսությունը գնալով վերականգնվում է աշխարհում ամենասուր ֆինանսական ճգնաժամերից մեկից հետո, որն սկսվեց 2009թ.։ Այդ երկրի, որպես էմիտենտի դեֆոլտի վարկանիշերը բարելավվել են, իսկ արտարժութային պահուստների եւ փոխարժեքի վրա ճնշումը թուլացել է»,- նշել է Fitch Ratings-ի պետությունների վարկանիշերով զբաղվող բաժնի տնօրեն Դեւիդ Հեսլեմը։

Նա հավելել է, որ ռեցեսիայի պատճառով Հայաստանը բախվել է բյուջեի մեծ դեֆիցիտի եւ քաղաքական խնդիրների, երկիրն ունի արտաքին մեծ պարտք։ «Պետությանը հարկավոր կլինի ժամանակ՝ իրավիճակը շտկելու համար»,- նշել է նա։

BB մակարդակի վարկանիշերը արտահայտում են վարկային ռիսկերի աճի հնարավորություն, հատկապես բացասական տնտեսական փոփոխությունների արդյունքում։ Սակայն ընկերություններին մատչելի կլինեն բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում այլընտրանքային ռեսուրսներ, որը նրանց թույլ կտա իրականացնել ֆինանսական պարտավորությունները։