Խմելու ջրի սակագնի բարձրացումն անխուսափելի է: Այսօր` հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության ֆրանսիացի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, սակայն դժվարացավ ասել, թե երբ կլինի դա: Հիշեցնենք, որ ներկայումս ջուրն սպառողներին մատակարարվում է 1 խմ-ն 154,4  դրամով, իսկ սակագինը հաստատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

Սակագնի բարձրացումը Պ. Լորենը կապեց 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի հետ, որից հետո միայն հնարավոր կլինի Երեւանին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ըստ Պ. Լորենի՝ վարկերի մարումը մասամբ պետք է տեղի ունենա սակագնի հաշվին։  Վարկեր ակնկալվում է ստանալ Համաշխարհային բանկից եւ Ասիական բանկից:

Անդրադառնալով ջրի կորուստներին՝ Պ. Լորենն ասաց, որ այն կազմում է 80 տոկոս, ընդ որում՝ վերջին տարիներին այն նույնիսկ կրճատվել է, քանի որ նախկինում 90 տոկոս էր։

Վարձավճարների հավաքագրումը Պ. Լորենը գնահատեց «ոչ այնքան վատ»` նշելով, որ ամսական կտրվածքով հավաքագրումը կազմում է 300 մլն դրամ (մոտ 820 հազ. դոլար):