Հայկական դրամը մոտ է փոխարժեքի 1դոլար/360 դրամ մակարդակը հաղթահարելուն։ Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում սակարկությունները փակվել են հենց 360-ի վրա, իսկ միջին փոխարժեքը կազմել է 360,04։ Ընդհանուր առմամբ, վաճառվել է 5,9 մլն դոլար։ Այս միտումների պահպանման դեպքում դրամն առաջիկա օրերին կհատի 360 հոգեբանական կարեւոր շեմը։
Այն, որ մինչ հիմա այդ շեմը չի հաղթահարվել, հետեւանք է միայն Կենտրոնական բանկի միջամտության։ Սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ միջամտությունները եւս անզոր են կասեցնելու դրամի արժեւորումը։ ԿԲ-ի նպատակը տվյալ պահին ոչ թե դրամի արժեզրկումն է, այլ արժեւորման տեմպի կարգավորումը։ Այսինքն՝ փոխարժեքային միջամտություններ իրականացվում են միայն այն բանի համար, որ կտրուկ տատանումներ չլինեն։ Քանի որ բանկերի մեծ մասն ունեն դոլարի գերիրացվելիություն, ֆոնդային բորսայում ժամանակ առ ժամանակ հայտնվող դոլարային լոտերը պարզապես գնորդ չեն գտնում, ինչն էլ դրամի արժեւորման պատճառ է դառնում։



























