Հունիսի 21-ին Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գեւորգյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ափուջանյանը հրավիրված աշխատաժողովի շրջանակում հանդիպեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի հետ: Հանդիպմանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալը եւ USAID/PRP ծրագրի ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրեցին Տավուշի մարզում ծրագրի իրականացրած աշխատանքը:
Լիլիթ Ափուջանյանն ընդհանուր նկարագրեց ծրագրի էությունը եւ հակիրճ տեղեկացրեց, թե տեղական տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, երիտասարդների եւ կանանց ձեռներեցության խթանման, բնապահպանական եւ տեղական ապրանքանիշերի առաջմղման ու գյուղական համայնքների զարգացման ինչ նախագծեր են իրականացվել մարզում: Քննարկվեցին մարզում նախատեսվող ապագա ծրագրերն ու միջոցառումները:
Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը դրական գնահատեց ՓՄՁ ԶԱԿ-ի հրավիրած համաժողովը եւ նշեց, որ նման միջոցառումներն ավելի են նպաստում մարզի զարգացմանը եւ ուղենշում են զարգացման հիմնական ուղղությունները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը եւ շեշտեց, որ կարեւոր է այսուհետեւ շահագրգիռ կողմերի միջեւ ավելի ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ՄԱԶԾ-ից, ՄԱԱԶԿ-ից, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնից (CARD), ՀՕՖ-ից: Նրանք ներկայացրեցին իրենց կողմից մարզում կատարված եւ սպասվող աշխատանքները: Պտղավան, Դիտավան եւ Դեղձավան Կողբ համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ գործարարները ներկայացրեցին USAID/PRP ծրագրի հետ գործընկերության արդյունքները: Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանը եւ Պտղավան համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը գոհունակություն հայտնեցին համայնքներում իրականացված ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի վերաբերյալ եւ նշեցին, որ դրանք արդեն մեծապես նպաստել են համայնքների տնտեսության զարգացմանը, հիմնվել են նոր այգիներ:
Կոթիից գործարար Գուրգեն Աբովյանը նույնպես նշեց, որ ծրագրի եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործակցությունը եղել է արդյունավետ եւ կառուցողական:
Ծրագիրը նշված, ինչպես նաեւ մարզի եւս մի քանի համայնքներում իրականացրել է ենթակառուցվածքների նորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ USAID/PRP ծրագրի մյուս գործընկեր Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատի մասնագետները գնահատել են տեղական տնտեսական զարգացման առաջնայնությունները, որից հետո անցկացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած բիզնես դասընթացները:
Հանդիպումը ծառայեց որպես շահագրգիռ եւ Տավուշի զարգացման նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների միջեւ տեղեկության փոխանակման հարթակ, ինչը USAID/PRP ծրագրի հռչակած նպատակներից մեկն է:












































