Գազատարների պահպանությանը մասնակցելու շուրջ ՆԱՏՕ-ի ցանկության առիթով Ադրբեջանի իշխանությունների հիացած հայտարարությունները խոսում են այն մասին, որ այդ երկրում ամենեւին էլ վստահ չեն սեփական բանակի անվտանգության ապահովման վրա: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ առիթով ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Պատասխանելով հարցին, գոյություն ունի՞ պրակտիկա, երբ ՆԱՏՕ-ն իր կազմում չներառված, առավել եւս՝ զինված հակամարտությունում ներգրավված պետության տարածքում որեւէ օբյեկտի պահպանություն է ստանձնում, ռազմական փորաձետը նշեց, որ նման պրակտիկա չկա:

«Բոլորն էլ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Վախի աչքերը մեծ են»,- նշեց փորձագետը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների օբյեկտները եկամտի աղբյուր են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար:

«Բայց ես ադրբեջանական իշխանություններին խորհուրդ կտայի հետեւյալը. եթե նրանք համաձայն են, որպեսզի ՆԱՏՕ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորը լինի, աստիճանաբար Դաշինքի պահպանությանը տարբեր օբյեկտներ հանձնել: Եվ սկսել Ալիեւի կալվածքներից: Եթե ադրբեջանական բանակն ի վիճակի չէ պաշտպանություն ապահովել, ապա մնում է հույսը դնել ՆԱՏՕ-ի վրա»,- նշեց Արկադի Գրիգորյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՆԱՏՕ-ն, իբր, հետաքրքրություն է ցուցաբերել այնպիսի օբյեկտների պահպանության հարցում, ինչպիսիք են TANAP-ն ու TAP-ը: