Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին Սոչիում սկսվել է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը: Բացման արարողությունից հետո օրակարգային հարցերի քննարկումն սկսվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթով:

ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է անդրազգային հանցավորության` վտանգավոր չափերի հասնող ազդեցության ակտիվացման խնդրին, կարեւորել դրա` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առանձնապես վտանգավոր դրսեւորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ գործում միջազգային հանրության ուժերի միավորման անհրաժեշտությունը:

Նա վերլուծել է ժամանակակից անվտանգության ապահովման գործում տեղեկատվական անվտանգության աճող դերը, մի շարք առաջարկներ ներկայացրել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման բարելավման, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Միջազգային հանդիպման շրջանակում Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մենոն Շիվշանկարի, Միացյալ Արաբական էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիս Սուլթան Ալարիանիի, Բուլղարիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռումեն Միլանովի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման, միջազգային անվտանգության ապահովման գործում երկուստեք ջանքերի միավորման, ինչպես նաեւ` երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքին վերաբերող հարցեր: